Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց Կառավարության ընդունած միջոցառումների ընթացքը, քաղաքացիների մասնակցությունը։
Անդրադառնալով Կառավարության ընդունած 11-րդ միջոցառմանը՝ Բաթոյանը նշեց, որ դրանից կօգտվի շուրջ 222 հազար բաժանորդ, ինչ նշանակում է, որ այն վերաբերում է շուրջ 600 հազար շահառուի։
Բաթոյանը հայտնեց, որ չորրորդ ծրագրին, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող և աշխատանքից ազատված անձանց, դիմել պետք չէ։ Պետք է պարզապետ մտնել կայք, մուտքագրել տվյալները և տեսնել՝ շահառո՞ւ են, թե՞ ոչ։
«6-րդ ծրագրի փոխանցումները ևս իրականացված են։ Շահառուներն այստեղ 6723-ն են»,- նշեց Բաթոյանը։
Նախարարը նաև նշեց, որ 7-րդ ծրագիրը, որը վերաբերում էր հղի կանանց, արդեն ավելի ընդլայնված շրջանակ ունի։ «Եթե նախկինում կարող էին դիմել հղի կանայք, որոնց ամուսինները աշխատանքից ազատվել են մարտի 13-30-ը ընկած ժամանակահատվածում, այլ նաև կարող են դիմել այն կանայք, որոնց ամուսինները ընդհանրապես չեն աշխատել։ Այս պահին ծրագրի շահառու են 5957 քաղաքացի, բայց ցուցակը նորից թարմացվում է»,- նշեց նախարարը։
8-րդ ծրագիրը, որը վերաբերում էր տուժած ոլորտների աշխատակիցներին, մեկնարկել է երեկ։
«Երեկ մի քանի ժամվա ընթացքում մենք ստացել ենք ավելի քան 45 հազար դիմում ֆիզիկական անձանցից, որոնցից 27 հազարը հաստատվել են։ Այսինքն՝ 27 հազար մարդ շուրջ 1․8 միլիարդ դրամ աջակցություն կարող է ստանալ արդեն այսօր»,- նշեց Բաթոյանը։
Երեկ մեկնարկել է նաև Կառավարության ընդունած 9-րդ ծրագրի դիմումների ընդունումը։