Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց, որ օրակարգում ներառված է երկու հարց։ ԱԺ «Հատուկ ընթացակարգի մասին» որոշման նախագծով առաջարկվում է օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։
Առաջին նախագծով «Դեղերի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել։ Առաողջապահության նախարարի տեղակալը ներկայացրեց, որ արտակարգ դրության հայտարարմամաբ սահմանափակվել են ՀՀ-ում անձանց տեղաշարժի, պետական կառավարման համակարգի մարմինների հետ անմիջական շփում պահանջող գործողությունները։ Դրանք խոչընդոտ են հանդիսանում դեղերի մեծածախ լիցենզավորման գործընթացի կազմակերպման հարցում։ «Մեծածախ ընկերությունները հնարավորություն չունեն դիմելու լիցենզավորման գործակալություն և իրենց հայտերը նորմալ ընթացակարգով դիտարկեն։ Ապրիլի 15-ին, եթե փոփոխություն չկատարենք, ուժի մեջ կմտնի լիցենզավորման պարտադիր պահանջը և տնտեսվարողները խնդիր կունենան»,- ասաց Ավանեսյանը։
Երկրորդ օրենսդրական նախածերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման » և «Լիցենզավորման մասին» օրենքներում։ Առողջապահության նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության ծավլների մեծացման հետևանքով անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին կարողությունների օգտագործումը։ Անհրաժեշտություն կա նաև այլ բուժաշխատողների, կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին ներգրավել կորանվիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը։ Ավանեսյանը նշեց նաև, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց սպասարկման համար լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել և լրացուցիչ մասնագետների վերապատրաստման արդյուքնում նրանց ևս ներգրավել։