ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքն ընդունվել է 2012 թվականին։ 5-րդ հոդվածը 2017 թվականին տեխնիկական փոփոխություն է կրել, որով նախատեսում է արտակարգ դրության ռեժիմը 30 օրը չգերազանցող ժամկետով հնարավորություն, որը կարող է երկարաձգվել ևս 30 օրով։ Անդրադառնալով դիտարկմանը, թե այդ 30 օրն իր հերթին հնարավո՞ր է երկարաձգել 30 օրով, Վարդանյանը նշեց․
«Այս օրենքը ընդունվել է ԱՊՀ շրջանակում՝ 2000 թվականին։ ԱՊՀ գրեթե բոլոր պետությունները աուտենտիկ նորմեր են սահմանել իրենց համապատասխան օրենքների մեջ՝ 30+30։ Եթե ինչ-որ մեկի մոտ կասկած է առաջացել, թե 30 օրով կարո՞ղ ենք երկարացնել, թե՝ ոչ, ես խորհուրդ եմ տալիս վերադառնալ 2000 թվականի այդ իրավական ակտին։ Այնտեղ հստակ ձևակերպված է, որ 30+30 օրով կարող ենք երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը»։
Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ արտակարգ դրություն հայտարարելու պարագայում, իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։ Երկրաձգման պարագայում՝ ևս։ Ազգային ժողովի խմբակցությունները իրավունք ունեն այդ ժամանակահատվածում համապատասխան որոշման նախագիծ ներկայացնելով՝ խորհրդարանում չեղարկել արտակարգ դրությունը կամ դրա որևէ մի տարր։
Վարդանյանը նաև նշեց, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը վերջերս ձեռնարկ է հրապարակել, որում անդրադառնում է արտակարգ դրության իրավական ռեժիմին։ Նա նշել է, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը պետք է դառնա խորհրդարանի կողմից վերահսկողության առարկա, անժամկետ երկարաձգելու հնարավորությունն արգելված է։