Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին նախագիծն ԱԺ-ում ներկայացնելիս տեղեկացրեց, որ թեժ քննարկումների առիթ դարձած տեղորոշման գործիքակազմն արդեն գործարկվել է։ Ներկայացրեց, որ գործիքի միջոցով համակարգն ավտոմատ կերպով տեղորոշում է անձանց շրջանակը, որոնք վարակակրի հետ կոնտակտ են ունեցել։
«Այս պահի դրությամբ 315 արձանագրված հիվանդի գործիքը տվել է 3029 պոտենցիալ ինքնամեկուսացվող անձանց շրջանակ։ Այդ բոլոր անձանց հետ կապ է հաստատվել, և նրանք չեն գտնվել Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցակներում, ինչը նշանակում է 3000 հավելյալ անձ պոտենցիալ կարող էին 14 օրվա ընթացքում վարակակիր լինել»,- ասաց փոխվարչապետը։
Տիգրան Ավինյանը նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ գործարկվել են հավելվածի միջոցով ստացված տեղեկատվության վերլուծությունները։ Այս պահի դրությամբ կա հավելվածի մոտ 60,000 ներբեռնում։ Մոտ 4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում։ Այս փուլում կապ է հաստատվել 1600-ից ավելի անձանց հետ։
«Ավելի խոր վերլուծության արդյուքնում 21 հոգի թիրախավորվել է, և 4-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Գործարկվել է նաև ինքնամեկուսացման ռեժիմի խախտման SMS գործիքը։ Ամբողջ համակարգը միացված է առողջապահական համակարգերի տվյալների բազային և ոստիկանությանը. մեկ ընդհանուր տրամաբանությամբ աշխատող համակարգ է»,- ասաց փոխվարչապետը։