Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Կառավարության արտահեթ նիստում ներկայացրեց սոցիալական աջակցության 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումների ընթացքը։
Նախարարը նշեց, որ 4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերի համար դիմումներ ընդունելու անհրաժեշտություն չկա։ Տեղեկացրեց, որ արդեն 11 հազար 444 անձի փոխանցվել է ընդհանուր 929 միլիոն դրամի աջակցություն։
Հիշեցնենք, որ վեցերորդ ծրագիրն այն անձանց համար էր, որոնք մարտի 13-ից 31-ն ազատվել էին աշխատանքից և նոր աշխատանք չէին գտել։ http://online.ssa.am/ կայքում շահառուները կարող են ճշտել, թե որ բանկից կարող են ստանալ գումարը։
Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ ընդլայնվել է 7-րդ միջոցառման շահառուների շրջանակը: Միջոցառումը վերաբերում էր հղի կանանց (առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիություն), որոնք 2020 թ. մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում և ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք` վարձու աշխատող չէ և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր կամ հանդիսանալու դեպքում 2020 թ. մարտի 30-ի դրությամբ նրա գործունեությունը կասեցվել է:
«Նախնական շուրջ 3800 շահառուի փոխարեն ակնկալում ենք ունենալ ավելի քան 8000 շահառու։ Ներառել ենք նաև այն հղի կանանց, որոնց ամուսինները ոչ միայն ազատվել են աշխատանքից, այլ մինչև նշված ժամանակահատվածը՝ մարտի 13-ից 30-ը, ընդհանրապես չեն աշխատում։ Նոր ցուցակները վաղը հրապարակված կլինեն»,- ասաց Բաթոյանը։
Աջակցությունը կարող են ստանալ այն հղի կանայք, ովքեր միայնակ են՝ չունեն ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, ամուսնալուծված են, կամ ամուսինը մահացած է, 2020 թ. մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:
Հիշեցնենք, որ 4-րդ միջոցառումը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն քաղաքացիներին, որոնք ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում։ Շահառու կարող են լինել այն քաղաքացիները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա, եղել են գրանցված աշխատող և ազատվել են 2020 թ. մարտի 13-25-ը, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է կամ անհայտ կորած։
Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին 964 երեխայի տվյալների համար գումարները բանկում հասանելի են։
Զարուհի Բաթոյանը նշեց, որ 8-րդ և 9-րդ ծրագրերում դիմումների հիման վրա է աջակցությունը տրամադրվում։ Ասաց, որ այսօրվանից արդեն դիմումների ընդունումը հնարավոր կլինի, և քաղաքացիները կկարողանան դիմել։
Նախարարը հիշեցրեց, որ 8-րդ միջոցառումը նախատեսված է տուժած ոլորտների գրանցված աշխատողների համար, իսկ 9-րդ ծրագիրը մինչև 18 տարեկան այն երեխաների համար է, որոնց ծնողները չեն աշխատում։ «Վճարումները 8-րդ ծրագրով կլինեն վաղը առավոտյան 9։30-ից, իսկ 9-րդ ծրագրով, քանի որ բազաները մեծ են, համադրման կարիք կա, 3-5 օրվա ընթացքում որոշումը կկայացվի։
Գործում է երկու թեժ գիծ, որով մանրամասներ կարող են ստանալ. 114 հեռախոսահամարը և 011-300- 114, տեղեկացրեց Բաթոյանը։