Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին նախագիծն ԱԺ-ում քննարկելու ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Պարետից հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է, որ տնտեսական սահմանափակումները չգործեն առանձին վարչական տարածքներում, քանի որ մարզերում վարակի ծավալներն ու տարածումը տարբեր են։
Փոխվարչապետը նշեց, որ դա կբարդացնի գործընթացը։ «Եկեք պատկերացնենք, եթե հիմնական բռնկումը Երևանի վարչական շրջաններից որևէ մեկում է, օրինակ՝ Աջափնյակում, որքանով էֆեկտիվ կլինի առանձնացված Աջափնյակում սահմանափակումների ռեժիմ մտցնել և մյուսներում՝ ոչ։ Գուցե կարող է դիտարկվել առանձին սահմանափակումների ներդրումը, եթե խոսքը, օրինակ, գյուղի մասին է՝ լոկալ բռնկումների մասին։ Էջմիածնի դեպքում ժամանակավոր սահմանափակումներ մտցվեցին, և դա էֆեկտիվ գործիք էր։
Ինչ վերաբերում է այլ մարզերում, որտեղ, ենթադրենք, վարակի տարածումն այնքան էլ ակտիվ չէ, այնտեղ տնտեսական գործունեության տեսակների հնարավոր թույլտվությունների վերաբերյալ մանրամասն քննարկման կարիք կա»,- ասաց Ավինյանը, ապա ընդգծեց, որ ինքն ավելի հակված է միասնական մոտեցմանը՝ ավելի լոկալ սահմանափակումներ կիրառելով։