ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում ներկայացրեց Կառավարության որոշումը՝ արտակարգ դրությունը երկրում 30 օրով երկարաձգելու մասին։
«Վարակի արագ տարածման արդյունքում մի շարք երկրներում աղետալի հետևանքները ցույց տվեցին, որևէ պետություն և հասարակություն պատրաստ չէր նման սրընթաց զարգացումների։ Այսօր արդեն ակնհայտ է, որ առաջիկայում աշխարհը տարբեր է լինելու սոցիալ-մշակութային, տնտեսական և քաղաքական համատեքստում։ Համավարակը կոտրել է բազմաթիվ միֆեր և վերարժևորել պետության դերն ու մարդու կարողությունների սահմանները։ Պետությունների առջև այսօր դրված է երկու գերնպատակ․ արդյունավետ կառավարել ճգնաժամը և նախապատրաստվել հետկորոնավիրուսային աշխարհին։
Համավարակի դեմ պայքարում չկա բացարձակ արդյունավետ ռազմավարություն։ Անհնար է վարակն ամբողջովին վերացնել, մինչդեռ դրա դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամիսներ անց, եթե ոչ մեկ տարի անց։ Պետությունների ձեռնարկած միջոցառումները մեծամասամբ միտված են անորոշությունները կառավարելուն։
Հասարակությունները կանգնած են կարևոր երկընտրանքի առջև։ Փորձել խուսափել մեծաքանակ զոհերից և դանդաղեցնել վարակի տարածման արագությւոնը, որ առողջապահական համակարգն ի վիճակի լինի սպասարկելու հիվանդներին՝ միաժամանակ պետությանը տնտեսական մեծ վնաս հասցնելով։ Կամ թույլ տալ վարակի արագ տարածում՝ մարդկանց մոտ ձևավորելով դիմադրողականություն և հնարավոր դարձնելով արագ վերադարձը բնականոն կյանքին՝ միաժամանակ ունենալով մեծ թվով զոհեր։
Պետությունների գերակշիռ մասը դեռևս գնում է առաջին ուղղությամբ՝ չբացառելով որևէ պահի անցնելու երկրորդ տարբերակին»,- նշեց փոխվարչապետը։
Ավինյանը, ներկայացնելով մարտավարությունը, նշեց, որ ՀՀ-ում շատ կարևոր է ժողովրդագրական պատկերը։ Հայաստանի մշտական բնակչության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ համարվում է ռիսկային խումբ՝ ըստ տարիքի։ երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը 77418 է, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցողների թիվը 71025 է։