ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Կառավարության հաստատած 11-րդ հակաճգնաժամային ծրագրին։ Նա, մասնավորապես, գրել է․
«Քանի որ, միտումնավոր թե ոչ այնքան, մեդիա դաշտում շրջանառվում է, որ կոմունալների մասով կառավարության 50% աջակցությունը չի վերաբերում, մեծ հաշվով, որևէ մեկին, նշեմ, որ Հայաստանում փետրվարին հոսանքի գծով 5000 դրամից ցածր սպառում ապահոված բաժանորդների թիվը գերազանցում է 222000-ը, փետրվարին գազի գծով 10000 դրամից ցածր սպառում ունեցող բաժանորդների թիվը գերազանցում է 215000-ը։
Քանի որ տեսնում եմ, որ մանիպուլյացիաներ են կատարվում, հատուկ շեշտենք, որ նշված չափանիշներին բավարարելու դեպքում ԿԱՊ ՉՈՒՆԻ՝ ՓԵՏՐՎԱՐԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵ՞Լ ԵՔ, Թե՞ ՈՉ։ Եթե վճարել եք, ապա այս գումարները կդառնան կանխավճար, իսկ եթե չեք վճարել, ապա Ձեր փետրվարի պարտքը այդ չափով կնվազի։
ԵՎ վերջում՝ այս միջոցառման ՇԱՀԱՌՈՒՆԵՐՆ ԵՆ վերոհիշյալ չափանիշներին բավարարող ԲՈԼՈՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ՝ անկախ նրանց՝ այս կամ այն փաթեթում ներառված լինելու հանգամանքից։
Օրինակ, եթե հղիության մասով օգտվել եք ու փետրվարին հոսանքի գծով 5000 դրամից ցածր սպառում եք ունեցել, կստանաք և՛ հղիության գումարը, և՛ այս աջակցությունը։
Ի լրումն, եթե փետրվարին գազի գծով 10000 դրամից ցածր սպառում եք ունեցել, կստանաք և՛ հղիության գումարը, և՛ հոսանքի մասով աջակցությունը, և՛ գազի մասով աջակցությունը»։