ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց և 115 կողմ ձայնով ընդունվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու օրինագծերի փաթեթը։
Ըստ այդմ, նախագծերի փաթեթով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և ծառայությունների սպասարկման նպատակով օգտագործել իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունները ևս: Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախատեսվում է նաև ներգրավել կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներին, այդ թվում՝ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։ Նախատեսվում է նաև լրացուցիչ մահճակալային ֆոնդ ձևավորել։
Ավանեսյանն ընդգծեց, որ մասնագետները կառավարության սահմանված կարգով անցնելու են վերապատրաստում, և կնքվելու է աշխատանքային պայմանագիր՝ սահմանված կարգով։
ԱԺ նախագահը արտահերթ նիստի նախագծերի առաջին ընթերցումից հետո, տեղեկացրեց, որ երեք ժամ է տրամադրվում գրավոր առաջարկների համար։ Ասաց՝ 3 ժամը լրանալուն պես գլխադասային առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կարող է նիստ գումարել։