ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու օրինագծերի փաթեթը։ Նախագծին կողմ քվեարկեց 109 պատգամավոր։
Նշենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և ծառայությունների սպասարկման նպատակով օգտագործել իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունները ևս:
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ նախատեսվում է նաև ներգրավել կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներին, այդ թվում՝ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։ Նախատեսվում է նաև լրացուցիչ մահճակալային ֆոնդ ձևավորել։