Թուրքիայի նախագահ Էրդողանը մերժել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլունի հրաժարականը, որը նա ներկայացրել էր՝ կապված պարետային ժամ հաստատելու պատճառով սկսված քննադատությունից հետո:
Ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Սոյլուն հայտարարեց Թուրքիայի 31 քաղաքներում, ներառյալ Անկարան, Ստամբուլը և Անթալիան, պարետային ժամ հաստատելու մասին, որպես նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոց: Թուրքիայի գլխավոր ընդդիմության Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները քննադատել են այս որոշումը, քանի որ պարետային ժամի մասին հայտարարվել է այն սկսվելուց ընդամենը երկու ժամ առաջ: Արդյունքում Թուրքիայում 250 հազար մարդ շտապել է խանութներ՝ փորձելով ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրեր, առաջացել է մեծ բազմություն, ստեղծվել է քաոսային վիճակ, ինչը մեծացրել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքը:
Լրատվամիջոցները հիշեցնում են, որ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 56 956 դեպք: Մահացությունների ընդհանուր թիվը հասել է 1198-ի, վերջին մեկ օրում մահացել է 97-մարդ, ապաքինվել է 3446 հիվանդ: