ԱԺ հատուկ նիստին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամին, նշեց, որ ամենակարևորը համավարակի կառավարելի միջակայքը գտնելն է։
«Եթե պետք է ընտրություն կատարվի մարդկանց առողջության և տնտեսական շահերի միջև, նախապատվությունը առաջինը տրվելու է մարդկանց առողջությանը։ Իհարկե, պետք է բալանսավորված մոտեցում գտնել։ Որպեսզի հնարավոր լինի այնպես անել, որ հա՛մ տնտեսությունը հնարավորինս քիչ տուժի, հա՛մ մարդկանց առողջությունը դրանից վտանգի չենթարկվի»,- նշեց Թունյանը։
Թունյանը նաև անդրադարձավ մեր երկրում վարակի տարածման գործակցին՝ նշելով, որ մոտ 20 օր առաջ դա 2-ից բարձր էր։ Այսինքն՝ ամեն մարդ վարակում էր երկուսից ավելի մարդու։
«Որոշ ժամանակ առաջ այդ գործակիցը հաջողվել էր իջեցնել 1․4-ի։ Այսօր ինձ համար էլ էր նորություն՝ իմացա, որ դա իջել է 1-ից ներքև՝ 0․8-ից 0․9-ը։ Եթե հաջողվի դա մի քիչ էլ իջեցնել, հասցնել 0․5-ից ցածր գործակցի՝ կնշանակի մենք արդեն ունենք կառավարելի իրավիճակ, ու կարելի է մտածել սահմանափակումներն ընդհանրապես վերացնելու մասին»,- նշեց Բաբկեն Թունյանը՝ ավելացնելով, որ այս շրջանում պետք է շատ զգույշ ու ուշադիր լինենք, որովհետև այն գինը, որը մենք վճարում ենք տնտեսական ակտիվության առումով, շատ թանկ արժի։