Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Կառավարության՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին նախագիծն ԱԺ-ում ներկայացնելիս հայտարարեց, որ Հայաստանում աշխատողների թվով ամենամեծ ոլորտներն են կրթությունը, առևտուրն ու մշակող արդյունաբերությունը՝ համապատասխանաբար 110․179, 104․270 և 68․506 քաղաքացի:
«15-ից 70 տարեկան աշխատանքային ռեսուրսների մեջ զբաղված բնակչության ավելի քան 50 տոկոսը առևտրի և ծառայությունների ոլորտում է։ Զբաղված բնակչության մեջ 60 տարեկանից բարձր անձինք կազմում են մոտ 137 հազար մարդ»,- տեղեկացրեց Ավինյանը։
Փոխվարչապետը նաև ներկայացրեց, թե մեր երկրում վարակի տարածման տեմպերն ինչպիսին կլինեին, եթե դրանք կանխելու ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկվեր։
«Տվյալ մոդելի հիմնական եզրակացություններն են, որ վարակի տարածման արագությունը 2,4-ի է հավասար։ Այսինքն՝ մեկ մարդը պետք է վարակեր միջինում 2․4 հոգու, և պոտենցիալ վարակակիրների թիվը պիկին է հասնում առաջին դեպքի արձանագրումից հետո մոտ 75-80 օր հետո։ Այս իմաստով մենք գտնվում ենք մոտավորապես 50 օրվա շրջանում։ Այդ կետում միաժամանակյա վարակվածների թիվը կհասներ բնակչության 89 տոկոսի։ Հոսպիտալացման ծանրագույն դեպքերի թիվը Երևանում կհասներ 8200-ի։ Իսկ միաժամանակ Երևանում վարակված կլիներ 110․000 մարդ։ Այս դեպքում առողջապահական համակարգը ի վիճակի չէր լինում արձագանքելու համավարակին նույնիսկ ընթացիկ դեպքերը սպասարկելու առումով»,- ասաց փոխվարչապետը: