Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց և 114 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Հիշեցնենք, որ նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ընդլայնում։ Նախատեսվում է իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում։ Կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ ևս կներգրավվեն, այդ թվում՝ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներ։
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ կա դեղերի մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունների լիցենզավորման կարգ։ «Նրանց 3 ամիս ժամանակ էր տրամադրվել, որպեսզի լիցենզավորվեին՝ դեղերի մեծածախ առևտրով զբաղվելու իրավունք ունենալու համար: Ժամկետն ավարտվում է ապրիլի 15-ին: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կառավարությունը ևս 4 ամիս հավելյալ ժամկետ է տալիս, որ նրանք լիցենզավորվեն և իրավունք ունենան զբաղվելու դեղերի մեծածախ առևտրով»,- ընդգծեց Զեյնալյանը։