Խիստ սահմանափակումների արդյունքում ստեղծվել է պատկեր, որն ապացուցում է՝ այդ սահմանափակումներն էֆեկտիվ են, տեղեկացրել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ արտակարգ դրություն մտցնելուց հետո մարդկանց շարժն օրվա պիկ ժամերին՝ 17։00- 20։00-ն, նվազել է մոտ 25 տոկոսով, իսկ սահմանափակումները կիրառելու արդյուքնում՝ մոտ 40 տոկոսով։
«Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը մարտի 23-ի շրջանում կազմել է 1․2-1,3, իսկ մարտի 23-ից կիրառված սահմանափակումներից հետո՝ մարտի 31-ին, 0,8-0,9։ Սահմանափակումների արդյունքում նվազել է բնակչության տեղաշարժը։ Բնակչության կողմից նկատելի են եղել բազմաթիվ խախտումներ, վերահսկողական կարողություններն ավելացվել են։ Հաշվի առնելով, որ սահմանափակումների իրական արդյունքները վարակի տարածման տեսանկյունից հնարավոր է լինում գնահատել առնվազն մեկ շաբաթ տարբերությամբ, անհրաժեշտ է դրանց հետագա պահպանումը»,- նշեց փոխվարչապետը։
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ երրորդ փուլում առաջարկվեց խստացումները երկարաձգել մինչև ապրիլի վերջ։ Մարտի 31-ին Ազգային ժողովի կողմից օրենսդրական փաթեթի ընդունմամբ ստեղծվել են տեղորոշման կիրառման իրավական հիմքերը, ապրիլի 7-ին Կառավարության որոշմամբ ձևավորվել են իրավական լիարժեք հիմքեր արտակարգ դրության ժամանակ մասնավոր իրավունքի որոշ սահմանափակումների համար։ Ապրիլի 11-ին պարետատան նիստում որոշում է կայացվել արտակարգ դրության պայմանների և արտակարգ ռեժիմի երկարաձման մասին, որն այսօր քննարկվում է ԱԺ-ում։
Փոխվարչապետը նշեց, որ առաջնահերթություն է վարակի տարածման ինտենսիվությունը կառավարելի պահելը։ Նշեց, որ կիրառվող սահմանափակումները կարող են խստացվել կամ թուլացվել՝ կախված յուրաքանչյուր շաբաթվա դինամիկայից։ «Սահմանափակումների արդյունավետությունն ապահովելու համար կարևորվում է դրանց պահպանման նկատմամբ ուժեղացված վերահսկողության կիրառումը։ Սահմանափակումներին զուգահեռ ներդրվում է վարակակիրների և ինքնամեկուսացվածների տեղորոշման գործիք։ Ընդլայնվում են առողջապահական համակարգի հնարավորությունները, այդ թվում՝ մեկուսացման վայրերը, լրացուցիչ մահճակալային կարողությունները, թեստավորման քանակը, անհատական պաշտպանիչ միջոցները։ Մեր՝ այս պահին ունեցած կարողություններով կարողանալու ենք սպասարկել մոտ 1700 մահճակալային կորոնավիրուսով հիվանդների, որը, մեր մեղմ հաշվարկներով, թույլ է տալիս ակտիվ ունենալ միաժամանակ 4500 վարակակիր։»․- հայտարարեց փոխվարչապետը։
Նա նշեց, որ այս շաբաթվա արդյունքներով պայմանավորված՝ նախատեսվում է հաջորդ շաբաթվանից մշակող արդյունաբերությունից թույլատրել հագուստի արտադրությունը, մանրածախ առևտրի որոշ տեսակներ, ապրիլի 20-30-ը թույլատրել անշարժ գույքի, գիտական և հետազոտական մշակումների աշխատանքները։
Անդրադառնալով օրավարձով աշխատողներին՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ նրանց աջակցելու համար անհրաժեշտ է, որ այդ անձինք իրենց գործատուի հետ համաձայնեցված չգրանցված աշխատողների ցուցակ ներկայացնեն Պետեկամուտների կոմիտե: Նա վստահեցրել է, որ պատժիչ գործողություններ չեն իրականացվի։