Կառավարությունն արտահերթ նիստում քիչ առաջ ընդունեց արտակարգ դրության գործողության ժամկետը 30 օրով երկարաձգելու մասին որոշումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտակարգ դրության ռեժիմը շարունակելն անհրաժեշտ է։ Բայց նաև հավելեց, որ դա չի նշանակում, թե անկառավարելի իրավիճակ ունենք։
«Զուտ համաճարակաբանական թվերի առումով անկառավարելի իրավիճակ չունենք, բայց ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է արձանագրենք մի շատ կարևոր ռիսկ, որի առաջ գտնվում ենք։ Պարետատան որոշմամբ՝ թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնվել է։ Դա արվել է մի քանի նկատառումով. տնտեսական կյանքը չմեռցնելու, նաև սոցիալական իրավիճակը էլ ավելի չբարդացնելու նպատակով։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ սա բերում է ռիսկի, որ թվերը կրկին կսկեն աճել։ Եթե մեր քաղաքացիները հնարավոր ամենախիստ ձևով չպահպանեն իրենք իրենց, համաճարակային անվտանգության կանոնները։
Մենք պետք է արտակարգ դրության ռեժիմը պահենք, որ պարետատունը իրավիճակներին օպերատիվ արձագանքելու հնարավորություն ստանա»,- նշեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ որոշման մեջ փոփոխություններ են արվել։ Առաջին փոփոխությամբ ընդհանրապես վերացվում են նախկինում ԶԼՄ-ների վրա դրված սահմանափակումները՝ մոնիթորինգ իրականացնելու պայմանով։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը երթևեկության ետ կապված գործերով արգելանքներ չի իրականացնի արտակարգ դրության ռեժիմի սահմաններում։
Վարչապետը տեղեկացրեց, որ ավելի ուշ ԱԺ հատուկ նիստ տեղի կունենա, որում կքննարկվի այս որոշումը, և Կառավարությունը կմասնակցի դրան։
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարված էր արտակարգ դրություն: