Կառավարության այսօրվա արտահերթ նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց հակաճգնաժամային 5-րդ միջոցառման արդյունքները։ Սա միջոցառում է, որի շահառու են այն գործատու կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք 2020-ի հունվար-փետրվարին ունեցել են 2-50 աշխատակից։
«Փաստացի մարտ ամսվա ցուցանիշներն առնվազն հավասար են հունվար-փետրվար ամսվա աշխատակիցների թվի և աշխատավարձի վարձատրությանն ուղղվող միջոցների առումով։ Այսինքն՝ աշխատավարձերի ֆոնդը և աշխատակիցների թիվը պետք է նվազած չլիներ։
Այսօրվա դրությամբ մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկ ներկայացրածների թիվը շուրջ 30 տոկոսն է։ Այդ հաշվարկների հիման վրա 9725 շահառու հանդիսացողներին ավտոմատ եղանակով ուղարկվել է ծանուցում միջոցառման շահառու լինելու վերաբերյալ։ Ստացված ծանուցման հիման վրա դիմում ներկայացրած շահառուների թիվը կազմում է 5388։ Այսօր՝ ժամը 11-ի դրությամբ, 5207 շահառու փաստացի ստացել են գումարները՝ ընդհանուր 787․9 միլիոն դրամ»,- նշեց ՊԵԿ նախագահը։ Վարչապետն էլ փաստեց, որ սա ամենաակտիվ միջոցառումն է։