ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե աճի տեմպերը, վարակի դեպքերի կրկնապատկման դեպքերը, որն ըստ Արսեն Թորոսյանի ներկայացրած գրաֆիկի՝ տեղի են ունենում 10 օրը մեկ հաճախությամբ, փոխվե՞լ են, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ արտակարգ դրության պարետը նշեց, որ բարելավում ունենք։
«Այս փուլում կրկնապատկման ցիկլը մոտավորապես 13 օր է»,- ի պատասխան՝ նշեց Տիգրան Ավինյանը։
Ավինյանը, անդրադառնալով արտասահմանից ժամանած մեր հայրենակիցների մեկուսացմանը, նշեց, որ շատ դեպքեր ունենում ենք արտասահմանից եկած մեր հայրենակիցների մեջ, և մեկուսացման ինստիտուտը դեռևս էֆեկտիվ է։ Սակայն պարետատունը այլ գործիքներ ևս փորձում է զարգացնել։
«Միգուցե ռապիդ թեստերով փորձենք ռիսկերի որոշակի նվազեցում անել։ Հիմա՝ այս փուլում, Առողջապահության նախարարությունը փորձարկումներ է անցկացնում։ Ռապիդ թեստերը փորձարկվում են փաստացի վարակակիրների վրա, որ այդ ճշտգրտությունը մենք ինքներս մեզ համար հասկանանք։ Հասկանանք հավանականությունը, թե այդ ռիսկերը որքանով ենք կարողանում նվազեցնել։ Մի մասին ռապիդ թեստերով անցկացնելուց հետո երևի տեղափոխելու ենք ինքնամեկուսացման ռեժիմի՝ կիրառելով վերահսկողական բոլոր այն գործիքները, որոնք մեզ թույլ են տալիս էֆեկտիվորեն վերահսկել ինքնամեկուսացման ռեժիմը»,- նշեց Ավինյանը։
Ավինյանը նշեց, որ ՊՇՌ թեստերի ցույց տված արդյունքի հետ կապված կասկածներ գրեթե չկան, իսկ փորձարկված կորեական 60 Ռապիդ թեստերից 47-ը տվել է դրական արդյունք, 13-ը՝ բացասական։ Փոխվարչապետը նշեց, որ 13 դեպքերը կրկնակի կթեստավորվեն, որ պարզ դառնա ռապիդ թեստերի ճշտգրտության աստիճանը և նախարարությունը հասկանա՝ որ դեպքերում այն օգտագործել։