Ամառային զորակոչը կընթանա ըստ սահմանված ժամանակացույցի, անհրաժեշտության դեպքում միայն այն կարող է հետաձգվել։ Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։
«Զորակոչն ընթանալու է ըստ նշված ժամանակացույցի։ Անհրաժեշտության դեպքում` օրենքով սահմանված կարգով, կարող է երկարաձգվել։ Դեռ վաղ է դրա մասին խոսել։ Զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին։ Բոլոր զինկոմիսարիատներին բաժանված են անհատական պաշտպանիչ միջոցներ, զորակոչից առաջ և յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվելու են ախտահանման աշխատանքներ», - ասաց Օհանյանը։
Նաև հայտնեց, որ ներկայումս թոքաբորբով հիվանդ ոչ մի զինծառայող չկա։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, զինծառայողներից վերցվել է 165 նմուշ, պատասխանների մեծ մասը բացասական է։ Նա վստահեցրեց, որ բուժվողների և մեկուսացվածների համար գերազանց պայմաններ են ստեղծված։
ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը տեղեկացրեց, որ մի զորամասի ճաշարանի աշխատակիցներից մեկի մոտ վարակի ախտանշաններ են նկատվել, և ինչպես նա, այնպես էլ նրա շփման շրջանակը մեկուսացվել են, ճաշարանի ամբողջ անձնակազմը փոխվել է։ Ս․Օհանյանի խոսքով՝ տվյալ աշխատակիցը չի շփվել զինծառայողների հետ, ներգրավված չի եղել սննդի մատակարարման աշխատանքներին։