Հայկական գրադարանային ասոցիացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում կազմակերպում են առցանց միջոցառումներ՝ նվիրված 20-րդ դարի ամենաազդեցիկ գրքերից մեկի հեղինակին՝ Աննը Ֆրանկին։
Ընդամենը տասնհինգ տարեկան աղջնակը կյանքի երկու տարին ստիպված է եղել անցկացնել մեկուսացման մեջ՝ պատսպարվելով նացիստական արհավիրքից։ Այդ դժվար տարիներին Աննը չի կորցրել ոգու տոկունությունը, զբաղվել է ինքնակրթությամբ, կարդացել ու գրել է՝ վարելով օրագիր, որը իրենից հետո հրապարակվել է, թարգմանվել վաթսունից ավելի լեզուներով ու տարածվել տասնյակ միլիոնավոր օրինակներով՝ անմահացնելով «Աննը Ֆրանկ» անունը պատմության մեջ։
Աննը Ֆրանկի օրագիրը հայերեն առաջին անգամ թարգմանվել է 1962 թ․։ 2019 թ. հունիսի 12-ին՝ Աննըի 90-րդ տարեդարձին, լույս է տեսել բնագրից՝ հոլանդերենից, առավել համապարփակ թարգմանությամբ հրատարակությունը, որը կրում է «Հետնատունը» վերնագիրը (այսպես էր Աննը կոչել իրենց թաքստոցը և նույն կերպ վերնագրել օրագիրը)։ Գրքի թարգմանիչը հոլանդուհի Աննա Մարիա Մատտաարն է։
2019-2020 թթ․ Հայաստանի բազում գրադարաններում այս առթիվ անց են կացվել թեմատիկ շաբաթներ՝ նվիրված Աննը Ֆրանկին ու նրա «Հետնատունը» գրքին։ Աննը Ֆրանկին է նվիրվում նաև 2020 թ․ ապրիլի 13-20-ը անց կացվող Ազգային գրադարանային շաբաթը։
Չնայած արտակարգ իրավիճակին՝ կազմակերպիչների կողմից որոշվել է չհետաձգել ծրագրով նախատեսված միջոցառումները, այլ իրականացնել դրանք առցանց ձևաչափով, քանի որ խնդիրները, որ արծարծվում են խիստ զգացմունքային այս գրքում, ցավոք, արդիական են այսօրվա համատեքստում։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների դեսպանության ֆինանսական աջակցությամբ։