«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-2019 համաճարակի դեմ մղվող պայքարին, ս.թ. մարտի 18-ից նախաձեռնել է առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքված ամբողջ գումարն ուղղված է առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը և տրամադրմանը, ինչպես նաև հրատապ անհրաժեշտության այլ կարիքներին։
Ապրիլի 13-ի դրությամբ հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավի հաշվեհամարին արդեն հավաքվել է 208,620.43 ԱՄՆ դոլար՝ նախատեսված 200 հազար դոլար գումարի 104.31 %-ը: Հուրախություն բոլորիս՝ մեր հայրենակիցների համախմբման և ակտիվ մասնակցության արդյունքում հիմնադրամի հայտարարած գումարի շեմն արդեն իսկ հատված է, ուստի այժմ նոր նշաձող է սահմանվում՝ 250 հազար ԱՄՆ դոլար:
Դուք ևս կարող եք մասնակցել COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին՝ միանալով առցանց արշավին՝ https://bit.ly/2wsYuk9:
«Հիմնադրամի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առցանց գրանցված ավելի քան 200 անհատ նվիրատուներին՝ վստահության և շարունակական աջակցության համար: Մեր այս նախաձեռնությանն են միացել աշխարհի հայ համայնքները, կազմակերպություններն ու անհատները Միացյալ Նահագներից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Բրազիլիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Իռլանդիայից, Ռուսաստանից, Արգենտինայից, Ավստրիայից և Հունաստանից՝ սատարելով այս հայրենանվեր ծրագրին: Շնորհակալություն ենք հայտնում նաև Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան ափի Կիլիկիո թեմի Ազգային առաջնորդարանին և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ խոշոր դրամական նվիրատվությունների համար»,- նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Հավելենք, որ հավաքագրված գումարից 130 հազար դոլարն արդեն իսկ ծախսվել է բարձրորակ բժշկական պարագաներ և սարքավորումներ ձեռք բերելու համար: Ինչպես նաև, Ռուսաստանում գտնվող վաթսուն հայրենակից հնարավորություն է ստացել հատուկ չվերթով անվճար վերադառնալ հայրենիք: Մնացյալ միջոցների տնօրինման համար ներկայումս իրականացվում է կարիքների գնահատում:
Մինչև դրամահավաք-արշավը, դեռևս ս.թ. մարտի սկզբին, շուրջ 800 կգ ընդհանուր քաշով մեծաքանակ կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ էին տրամադրվել առողջապահության նախարարությանը հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի գրասենյակի, Chevy Chase Surgery Center-ի և «Հայ օգնություն միության» աջակցությամբ: Հիմնադրամին աջակցություն է ցուցաբերում նաև Հայ-ամերիկյան բժշկական միությունը՝ տրամադրելով հատուկ պաշտպանիչ հանդերձանք և սարքավորումներ։
Շուտով Հայաստան կհասնեն հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից ուղարկված 60 հեռահար ջերմաչափ և 20 թթվածնի խտացուցիչ սարք, ինչպես նաև 8 արհեստական շնչառական համակարգ, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը՝ Նիդեռլանդների տեղական մարմինների օժանդակությամբ: Բժշկական սարքավորումները և պարագաները տրամադրվում են Հայաստանի և Արցախի առողջապահական հատվածի առաջնահերթ կարիքները հոգալու նպատակով:
Դրամահավաք-արշավի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունը կներկայացվի ծրագրի ավարտին: Բոլոր նվիրատուների անունները և նվիրաբերած գումարի չափը ավտոմատ կերպով գեներացվում է դրամահավաք արշավի էջում:
ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։