Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում լինելու եմ բոլորի նախագահը, որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի լինելու։ Այդ մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված հեռուստաբանավեճին հայտարարեց նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։
Նշենք, որ հեռուստաբանավեճին մասնակցում էր միայն Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայլիլյանը հրաժարվել էր մասնակցությունից։
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ Ա․Հարությունյանը նշեց, որ առանց Ստեփանակերտի ներգրավման Արցախի խնդրի լուծում հնարավոր չէ։ Նա վստահեցրեց, որ հող զիջելու հարց իրենց օրակարգում չկա։
Արցախի նախագահի թեկնածուի խոսքով՝ խաղաղության միակ երաշխավորը հայոց բանակն է և նրա մարտունակությունը, սպառազինության համալրումը, ինչն, ըստ նրա, իրականացվելու է ՀՀ իշխանությունների հետ համատեղ։ «Պետք է կարողանանք ուժեղ բանակ ձևավորել, ունենալ պատրաստված պահեստազոր»,- ասաց Ա․Հարությունյանը։
Խոսելով կրոնոավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին՝ թեկնածուն նշեց, որ եթե համաճարակը երկար տևի, տնտեսական աղետ է սպասվում։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի համար գլխավոր խնդիրը պարենային անվտանգությունն է։ «Գյուղատնտեսությունը պետք է լինի մեր առաջնահերթությունը, պետք է վերակառուցենք գյուղատնտեսական ենթակառուցվածքները՝ մասնավորապես ոռոգման համակարգը, պետք է խթանենք երկրում շինարարության ոլորտը»,- ընդգծեց նա։
Ա․Հարությունյանի դիտարկմամբ՝ վարակի տարածումը հուշում է, որ Արցախում առողջապահությունը պետք է լինի անվճար, և այդ հարցը այլևս քննարկվում։
Նախագահի թեկնածուն ողջունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու որոշումը և հորդորեց քաղաքացիներին հետևել Պարետի ցուցումներին՝ պահպանել բոլոր սոցիալական կանոնները։ Ա․ Հարությունյանը կոչ արեց տարեցներին, առողջական խնդիրներ ունեցողներին չմասնակցել քվեարկությանը և չվտանգել առողջությունը։