Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ներկայացրեց Երևանում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված քաղաքապետարանի սոցիալական աջակցության ծրագրերը։
Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ քաղաքապետարանն այն իրականացնում է իր կամավոր լիազորությունների շրջանակում։ «Այս շրջանում անկանխատեսելի էր իրավիճակը, և բյուջեում նախատեսված գումար չկար, բյուջեի տողը փոխվեց։ Գումարի նշանակությունը փոխվեց, և շուրջ 45 միլիոն դրամ հատկացվեց սոցիալական աջակցության ծրագրին։ Հիմնական շահառուները միայնակ տարեցներն են կամ անժառանգ տարեցները»,- ասաց Կարապետյանը։
Քաղաքապետի մամուլի խոսնակը ներկայացրեց, որ հիմնական նպատակն այնպիսի աջակցություն տրամադրելն է, որ տարեցները տնից դուրս գալու հնարավորինս քիչ առիթ ունենան։ Ասաց, որ մասնագետների խորհրդով կազմվել է պարենային և կենցաղային այլ ապրանքների, խնամքի պարագաների փաթեթների ցուցակ։
«Շուրջ 30 կիլոգրամանոց արկղեր են, որոնք հանձնվել են 2000 տարեցների»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ պարենային արկղերում հաշվարկված է, որ կալորիականությունը համարժեք լինի մեկ ամսվա սննդի պահանջին։ Տեղեկացրեց նաև, որ քաղաքապետարանի ողջ անձնակազմի պարգևավճարային ֆոնդից 130 միլիոն դրամ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմին։ Նշեց նաև, որ քաղաքապետն էլ տրամադրել էր իր մարտ ամսվա ամբողջ աշխատավարձը։