Չեխիայում կվերաբացվեն շինարարական ու տնտեսական խանութները, երկրի բնակիչները կարող են թենիս խաղալ ու լողավազան հաճախել՝ գրում է CNN-ը: Ավստրիայում ծրագրում են Սուրբ Զատկից հետո վերաբացել փոքր խանութները: Դանիայի իշխանություններն էլ մտադիր են հաջորդ շաբաթվանից վերաբացել դպրոցներն ու մանկապարտեզները, եթե կորոնավիրուսի վարակի դեպքերը կայունանան: Մեկ շաբաթ անց էլ նորվեգացի մանուկները կվերադառնան մանկապարտեզ:
Այս երկրներն Արևմուտքում առաջինն են, որ սկսում են թուլացնել սահմանափակումներն ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանք:
Մյուս երկրներն առավել զգուշավոր են և կփորձեն հետևել այն երկրների օրինակին ու դասեր քաղել, որոնք կվերաբացեն խանութներն ու այլ հաստատություններ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, զգուշացնում է, որ Եվրոպայում կորոնավիրուսով պայմանավորված դրությունը դեռևս մտահոգիչ է, հետևաբար պնդում է, որ առայժմ թուլանալու ժամանակը չէ: