Ապրիլի 10-ին կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանը:
Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 12-ին, ժամը 18:00-ին, Էրեբունի սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14), հուղարկավորությունը՝ ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:
Ռիմա Խաչատրյանը ծնվել է 1938 թ. ապրիլի 3-ին Երևանում: 1960 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բիոքիմիական ֆակուլտետը, իսկ 1965 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրարային ֆակուլտետը:
Ռ.Խաչատրյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1961 թվականին: Շուրջ 60 տարվա անընդմեջ աշխատանքային գործունեության 55 տարիներին նա դասավանդել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Ավելի քան հինգ տասնամյակ ղեկավարելով Հայաստանի բուժաշխատողների խոշորագույն արհեստակցական կազմակերպություններից մեկը` Ռ.Խաչատրյանը գործուն մասնակցություն է ունեցել ուսումնակրթական խնդիրների, բժիշկ-մանկավարժների աշխատանքային ու սոցիալական շահերի ու իրավունքների ներկայացման ու պաշտպանության գործընթացներին: Տասնամյակների գիտամանկավարժական անբասիր գործունեության ընթացքում Ռ. Խաչատրյանն անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանում միջնակարգ բժշկական կրթության շարունակական համակարգի զարգացման, դասավանդման մեթոդների կատարելագործման, երկրի միջին բուժանձնակազմի ձևավորման գործում:
Միջնակարգ բժշկական կրթության համակարգի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ռ. Խաչատրյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: ՀՀ նախագահի հրամանագրով Ռ. Խաչատրյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։ «Դեղագործական գործ» «Անօրգանական քիմիա» (երկհատորյա) և «Անալիտիկ քիմիա» դասագրքերի հեղինակն էր: