ՀՖՖ մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի և ՀՖՖ մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հեռավար քննարկում ՀՖՖ մարզային ներկայացուցիչների հետ։
Մոտ 4 ժամ տևած տեսակապի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ու խնդիրներ, մասնավորապես, ՀՀ տարածքում արտակարգ դրության չեղարկումից հետո մի շարք մարզային մանկապատանեկան մրցաշարեր վերսկսելու հնարավոր սցենարները և ֆուտբոլի մասսայականացմանն ուղղված կոնկրետ գործողությունները։
Դպրոցներում ֆուտբոլ առարկայի դասավանդման ընթացքում ի հայտ են եկել վերանայման ենթակա որոշ հարցեր, որոնք այսուհետ կլինեն ՀՖՖ մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի ուշադրության կենտրոնում։
Անդրադարձ է կատարվել մարզչական կրթության խնդրին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՖՖ-ի կազմակերպած մրցաշարերին մասնակցող մանկապատանեկան թիմերի մարզիչների գերակշիռ մասը մարզչական որակավորում չունի։ Քննարկվել է մարզիչների հնարավոր վերապատրաստումների հարցը։ Մարզիչները պետք է ստանան համապատասխան կրթություն, ինչը պատանի ֆուտբոլիստների զարգացումն ապահովելու ամենակարևոր երաշխիքն է։
ՀՖՖ մասսայական ֆուտբոլի կոմիտեի և ՀՖՖ մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի ներկայացուցիչները քննարկումների արդյունքում որոշել են նպաստել նաև սելեկցիոն աշխատանքներին՝ մարզային թիմերի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներին պատանեկան հավաքականների մարզիչներին ներկայացնելու առումով։
Մարզային ներկայացուցիչների ուշադրությանն է հրավիրվել այն հանգամանքը, որ որոշ ոչ պաշտոնական մրցաշարերում երեխաները խաղում են տարիքին անհամապատասխան ստանդարտներով, ինչը չի նպաստում երեխաների աճին ու զարգացմանը։
Այս շրջանում, չնայած ֆուտբոլային դադարին, քննարկվում են սիրողական և մանկապատանեկան մրցաշարերի նոր ձևաչափեր, որոնք ավելի կնպաստեն տաղանդավոր երեխաների հայտնաբերմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խոշոր ու կարևոր մրցաշարերին պատանեկան հավաքականների մարզիչների ներկայությունն ապահովելու մասին։
Կոմիտեի ներկայացուցիչներն աշխատանք կտանեն նաև ՏԻՄ մարմինների հետ համագործակցությամբ՝ մանկապատանեկան և սիրողական մարզային թիմերին ուղղված աջակցությունը մեծացնելու ուղղությամբ։
Մարզային ներկայացուցիչներն այս շրջանում ևս շարունակում են կատարել իրենց լիազորությունները: Մասնավորապես, Շիրակի մարզում մի քանի տասնյակ երեխաների բաժանվել են գնդակներ, տրվել մարզումային անհատական ծրագրեր՝ կարանտինի ժամանակ մարզումները չդադարեցնելու համար։