Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրել է վերջին շրջանում համացանցում տարածված վայրի, այդ թվում՝ նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների, նրանց ձագերի, խրտվիլակների, որսի արգասիքների (միս, կաշի, մորթի, ոսկորներ, կենսագործունեության արդյունքներ, օրգաններ ու հյուսվածքներ, ինչպես նաև որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասեր՝ ժանիքներ, եղջյուրներ և այլն) վաճառքի վերաբերյալ հրապարակումներն ու հայտարարությունները և իրավախախտման բոլոր դեպքերով դիմել ՀՀ ոստիկանություն՝ գործերի հետագա ընթացքն ապահովելու, իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Որսորդն իրավունք ունի տնօրինելու իր հայթայթած որսի կենդանիները և արգասիքները»։
Այդուհանդերձ՝ առաջին հերթին որսորդը պետք է ունենա որսի իրավունքը հաստատող փաստաթուղթ (արտոնագիր կամ ուղեգիր), կամ պետք է հիմնավորի կենդանու կամ նրա արգասիքների ձեռքբերման օրինականությունը, այլապես այն կհամարվի հակաօրինական գործունեություն և կկիրառվեն համապատասխան վարչական կամ քրեական պատասխանատվության միջոցներ։
Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2019 թ. օգոստոսի 20-ի թիվ 279-Ն հրամանի՝ սիրողական որսաշրջանն ավարտվել է 2020 թ. փետրվարի 29-ին:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է հետամուտ լինել 2007 թ. ապրիլի 9-ի «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2009 թ. հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» թիվ 9-Ն հրամանի և բնագավառին վերաբերող բոլոր օրենքների պահանջների կատարմանը։
Տեսչական մարմինը կոչ է անում զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը և շնորհակալություն է հայտնում կենդանական աշխարհի պահպանությամբ մտահոգ քաղաքացիներին և բնապահպաններին՝ սերտ համագործակցության համար: