Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ նախաձեռնել են ապրիլի 24-ին հիշողության վիրտուալ երթ կազմակերպել։ Հայտարարություն են տարածել, որում նշված է․
«Սիրելի հայրենակիցներ,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսել էր այս տարի ապրիլի 24-ին Հիշողության երթ կազմակերպել՝ կոչ ուղղելով մեր հայրենակիցներին այդ օրը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատի լուսանկար-վահանակով։ Լուսանկար չլինելու պարագայում գրել նրանց անուն-ազգանունները, դնել Ցեղասպանության զոհ մեր մտավորականների կամ մեր մշակութային ժառանգությունների լուսանկարները: Քանի որ համաճարակային իրավիճակը կարծես թե թույլ չի տալիս իրականացնել այդ մտահղացումը, մենք որոշեցինք Հիշողության երթը տեղափոխել վիրտուալ հարթություն:
Այս նախաձեռնությունն արտակարգ իրավիճակում, երբ սահմանափակված է մեր տեղաշարժման շառավիղը, ապրիլի 24-ը ոգեկոչելու ձև է, այսպես ասած՝ «Հիշողության վիրտուալ երթ»: Հիշողության այս երթի նպատակն է հիշել ցեղասպանության զոհ, վերապրած, ցեղասպանության արհավիրքներին դիմակայած մեր տատիկ-պապիկներին և հորդորել մեր հայրենակիցներին իրենց ֆեյսբուքյան դիմապատկերների նկարները փոխարինել Ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատների նկարներով առաջարկվող ձևակի մեջ՝ այսկերպ կիսելով իրենց նախնիների լուսանկարներն ու պատմությունները։
Այս նախաձեռնությունը որևէ կապ չունի 100-դ տարելիցի հայտնի կարգախոսի հետ: 100-րդ տարելիցին ընդունված Հռչակագիրն ու «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսը մեր ինքնության, պատմության, պայքարի անքակտելի մասն են:
Այս նախաձեռնությունը ապրիլի 24-ը արտակարգ իրավիճակում հիշատակելու գործողություն է»: