Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանում նոր կորոնավիրուսի վարակի կանխարգելման գործողությունները համակարգող շտաբի ղեկավար Սերգեյ Հարությունյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում նշեց, որ համայնքն ախտահանման աշխատանքներ է կատարում համավարակի կանխման համար՝ համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության հետ։
«ԱԻՆ-ի հետ համատեղ ախտահանվել են Երևանի բոլոր կանգառները։ Քանի որ չի գործում տրանսպորտը, դրանց ախտահանման աշխատանքները դադարեցված են։ Ախտահանվել են բոլոր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերը, վերելակները, դրանց սրահները։ Դա արվում է քաղաքապետարանի, վարչական շրջաների և համատիրությունների միջոցով»,- նշեց քաղաքապետի տեղակալն ու շնորհակալություն հայտնեց աշխատանքներին մասնակցողներին։
Հարությունյանը նշեց, որ օրական մեկ անգամ ախտահանումը բազմաբնակարան շենքերում պարտադիր է, և կոչ արեց՝ այն շենքերում, այն հասցեներում, որտեղ դեռ չի իրականացվել ախտահանում, դիմեն քաղաքապետարան կամ զանգահարեն վարչական շրջանների թեժ գծերին։
Քաղաքապետի տեղակալը հավելեց, որ այս մարտահրավերը որևէ գերատեսչության, որևէ քաղաքի կամ որևէ երկրի համար չէ, սա լոկալ խնդիր չէ, մեծ մարտահրավեր է, որում հաղթելու միակ տարբերակը մեր քաղաքացիների աջակցությունից սկսած մինչև ԱՀԿ-ի տված կարգավորումները ճիշտ կիրառելն է: