ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան պետության ղեկավար Դոնալդ Թրամփը: Այդ մասին են վկայում CNN-ի հարցման արդյունքները:
Հեռուստաընկերության տվյալներով՝ եթե նախագահական ընտրություններն անցկացվեին ապրիլին, ամերիկացիների 53 տոկոսը կքվեարկեր Բայդենի օգտին: Թրամփին պատրաստ է աջակցել հարցվածների 42 տոկոսը:
ԱՄՆ նախկին փոխնախագահին ավելի շատ ամերիկացիներ են վստահում կորոնավիրուսի դեմ պայքարի, առողջապահության և միջին խավի խնամքին վերաբերող հարցերում: Այնուամենայնիվ, հարցվածների մեծ մասն արտահայտվել է երկրի ներկա ղեկավարի օգտին՝ համոզված, որ նա կնպաստի տնտեսության բարգավաճմանը:
Հարցումից պարզվել է նաև, որ Բայդենին աջակցում են հիմնականում կանայք (62%), ոչ սպիտակամորթ բնակչության ներկայացուցիչները (72%) և 35 տարեկանից ցածր մարդիկ: Միևնույն ժամանակ, Թրամփին պաշտպանում են տղամարդիկ (51 տոկոս), սպիտակամորթ բնակչությունը (52 տոկոս) և տարեց քաղաքացիները:
Ի դեպ, ապրիլի 8-ին դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարեց նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին: Նա Բայդենի վերջին մրցակիցն էր: