2019 թվականի սկզբից ավելացվել է սոցիալական խմբերում ընդգրկված այն անձանց թիվը, որոնց հասանելի է պետական պատվերի ավելի ընդլայնված փաթեթը՝ մոտ 500 հազար հոգու։ Նրանց հասանելի են դարձել հատուկ թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող միջամտություններ և հետազոտություններ՝ սրտի, գլխի վիրահատություններ։ Այդ մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախարարն անդրադարձավ նախորդ տարի պետբյուջեով իրականացված մի շարք ծրագրերի։ Առանձնացրեց նաև մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության տրամադրումը։ Կարևոր ծրագրերից համարեց 2019 թվականի սկզբից ուռուցքաբանական ծառայության մեջ վիրահատական միջամտությունների համավճարի վերացումը։
«Նախկինում, երբ քաղաքացին համավճարով էր վճարում, օդում կախված լուրերի համաձայն՝ մի ավել մաս էլ ոչ օֆիցիալ էր վճարում։ Ինքնարժեքի հաշվարկների և տարբեր վիրահատությունների գներին անդրադառնալով՝ տարվա կեսից ևս մեկ անգամ գների վերանայում արվեց։ Բացի նրանից, որ համավճարը վերացել էր, նաև գները բարձրացան։ Այն բերեց բժշկական կենտրոնների ֆինանսական կայունության, ստվերի կրճատման, բժիշկների կողմից ավելի համարժեք փոխհատուցման»,- ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ արդյունավետ ծրագրերից են եղել նաև անպտղության ծրագրի ներդրումը, դեղապահովման ծրագիրը, ինսուլտի ծրագիրը։ Ասաց՝ ինսուլտի բուժման ծրագրին մոտ 500 միլիոն դրամ է տրամադրվել։ Առողջապահության նախարարը նշեց նաև, որ հավելյալ ֆինանսավորմամբ 12 բժշկական հաստատությունների նախահաշվային ծառայություններ են ձեռք բերվել։ Թորոսյանը նաև առանձնացրեց ցածր էներգիա ունեցող ճառագայթումը սոցիալապես անապահով խմբերից բացի բոլորի համար պետության հաշվին հասանելի դարձնելը։