«Եթե առաջ ունենում էինք 50 դեպք, բայց մեկ աղբյուրից, օրինակ՝ արտադրամասի 50 աշխատող, հիմա ունենում ենք 16 կամ 20 դեպք, բայց տարբեր աղբյուրներից։ Վիրուսի շրջանառությունը՝ որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել և անել նույն գործողությունները, որոնք արվել են մինչև հիմա։ Թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և արդեն առողջացած դուրս թողնել։ Այդ գործողությունը մենք պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք»։ Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ սահմանափակող միջոցառումները հանելը, խստացնելը, փոխելը պետք է նայել այդ համատեքստում և ոչ թե պարզապես թվերի, և ասել՝ եթե դանդաղ է աճում, ուրեմն վերջ՝ անցյալում է, ու կարող ենք ոչ մի բան չանել։
Թորոսյանը բացատրեց Շվեդիայի փորձը, որն ըստ նախարարի՝ պրակտիկորեն որոշեց ոչինչ չանել։ «Ասացին՝ մենք այդպես կդիմանանք, թող բոլորը իմունիտետ ձեռք բերեն։ 10 միլիոն բնակչություն ունեն ու մոտ 800 մահ արդեն։ Եթե ես մեր 2,5 միլիոնի վրա հաշվեմ, դա արդեն դուրս է գալիս, որ մենք արդեն 200 մահ պետք է ունենայինք միայն կորոնավիրուսից, որը, բարեբախտաբար, չունենք։ Ունենք շատ ավելի քիչ ու այդ ամնեը մեր վերջին երկու ամիսների միջոցառումների շնորհիվ է։ Մեր խնդիրն է մահերի թիվը, հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը ցածր պահել»,- ասաց նախարարը։