ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ ներկայացրած տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է մարտի 1-ի քրեական գործին:
«Քրեական գործից մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ անջատված քրեական գործը, մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատված, շուրջ 1200 էջից բաղկացած մեղադրական եզրակացությամբ, 2019 թ. ապրիլի 29-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Դատաքննությունը շարունակվում է»,- արձանագրել է դատախազը՝ տարեկան հաղորդման մեջ:
Փաստաթղթում նաև նշված է, որ 2019թ. սեպտեմբերի 24-ին մարտի 1-ի մայր քրեական գործին է միացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պարտակում կազմակերպելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն և ապացույցները կեղծելուն դրդելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ հարուցված քրեական գործը:
«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ պաշտոնատար անձինք, ի պաշտոնե տեղեկացված լինելով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման մասին, դրա կատարման գործիքների և միջոցների պարտակումը կազմակերպելու դիտավորությամբ, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համոզելու, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով դրդել են ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնին չարաշահել պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև վերացնել քրեական գործում առկա, հանցագործության հետքեր պարունակող, ապացույց հանդիսացող առարկաներ:
Ինչպես նաև, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, հիշյալ իրադարձությունների կապակցությամբ ՀՀ կառավարության և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միջև կատարված գրագրության ընթացքում, օգտագործելով մի շարք պաշտոնատար անձանց կողմից կազմված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթերը և սույն քրեական գործում առկա կեղծ բովանդակությամբ նյութերը, կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ Կառավարության դիրքորոշում և այն ներկայացրել Եվրոպական դատարանին»,- նշված է դատախազի հաղորդման մեջ:
Այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանը, ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին պետ Հայկ Միլիտոնյանը, նրա նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը:
«Քննչական խմբի կողմից կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ` որպես վկա հարցաքննվել են 250-ից ավելի անձինք, նշանակվել է 100-ից ավելի փորձաքննություն, փորձաքննության է ներկայացվել ավելի քան 1000 միավոր հրազեն և մեծ քանակությամբ ռազմամթերք, կատարվել է 30-ից ավելի խուզարկություն, քաղաքացիներից և պետական տարբեր հիմնարկներից կատարվել է 20 առգրավում»,- տեղեկացրել է դատախազը խորհրդարան ներկայացրած փաստաթղթում: