ԱԺ կրթության, գիտության մշտական հանձնաժողովը հեռավար քննարկում է անցկացրել «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով:
Քննարկմանը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ հեռավար ուսուցման փորձեր մինչ այս իրավիճակն արվել են, սակայն ստեղծված հանգամանքները ստիպել են, որ միանգամից անցում կատարվի հեռավար կրթության ձեւաչափին:
Նշվել է, որ նախարարությունն ուսումնասիրում է այլ երկրների փորձն ու ուղեցույցները, համագործակցում տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ արդյունավետորեն իրականացնելու հեռավար կրթությունը:
Անդրեասյանի խոսքով՝ այսօր կարիք կա տեխնիկական սարքերի և ինտերնետային կապի, որոնց ձեռքբերման նպատակով քննարկումներ են անցկացվում:
Նախարարությունը նախաձեռնել է նաև ուսուցիչների մեթոդական աջակցության դասընթացներ, գործում են նախարարության թեժ գիծն ու համակարգչային սպասարկման թեժ գիծը:
Նախարարությունը տվյալներ է ստանում, որ տեսադասերին հետևում են ոչ միայն աշակերտները, այլև շատ այլ քաղաքացիներ, ինչը դրական միտում է: