Վերջին օրերին վարակի նոր դեպքերի հարաբերական անկումը պայմանավորված է արտակարգ դրության և դրա վերջին երկու շաբաթվա ավելի խիստ սահամանափակումների ռեժիմով,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ: Նախարարի խոսքով, սակայն, թուլանալ պետք չէ, և պետք չէ համարել, որ վարակն անցյալում է։
«Ցածր թվեր ունենալով՝ մենք ունենք աղբյուրների բազմազանություն, երբ որ հաստատված դեպքերը աշխարհագրական տարբեր աղբյուրներից են։ Իրականում կորոնավիրուսի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում է, և փոխանցման շղթան կոտրելու գործողությունները պետք է լինեն երկարատև։ Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ վիրուսի ինկուբացիոն շրջանը բավական երկար է։ Հետևաբար, հետևություններ անելու համար դեռ շատ վաղ է։ Մենք պետք է մեր զգոնությունը չկորցնենք և շարունակենք բոլոր գործողությունները նույնիսկ ավելի լայն թափով, քան մինչ օրս»,- նշեց նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ գործողությունները պետք է շարունակվեն այնքան, մինչև կա՛մ հիվանդության ամբողջական բուժումը կլինի, կա՛մ պատվաստում: Իսկ մինչ այդ խնդիր է դրված ունենալ կառավարելի թվով պացիենտներ։