Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հեռավար քննարկում է անցկացրել «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո անհրաժեշտություն առաջացավ ապահովել կրթության, մասնավորապես՝ հանրակրթության շարունակականությունը, ինչին այնքան էլ պատրաստ չէր հայաստանյան կրթական համակարգը: Հետեւաբար, ըստ նրա, այսօր օրակարգային է համակարգային լուծումներ տալ հեռավար կրթությանը, մասնավորապես, դիտարկել ու վերլուծել ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները:
Հայրապետյանի խոսքով՝ այսօր անհրաժեշտ է գտնել երկու հարցի պատասխան. որո՞նք են հեռավար կրթություն կազմակերպելու գործում խնդիրները, և ինչպե՞ս է հնարավոր սեղմ ժամկետում գտնել դրանց լուծումները: Անհրաժեշտ է նաև գտնել երկրորդ հարցի պատասխանը, թե ինչպիսին է լինելու արտակարգ դրության ավարտից հետո հեռավար կրթության դերն ու նշանակությունը մասնավորապես ավագ դպրոցների աշակերտների կյանքում: Ըստ նրա՝ այս հարցերը կարևոր են, քանի որ հետագայում ևս՝ Covid-19 համավարակի հաղթահարումից հետո, որոշ չափով կարիք է լինելու շարունակել հեռավար կրթության ձեւաչափը: