Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը, Ղրղըզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է տեսակոնֆերանսի մասնակիցներին և նշել, որ չնայած դժվարին ժամանակներին՝ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կազմակերպությունը ոչ մի վայրկյան չընդհատի իր աշխատանքի առօրյա ռիթմը: Այս կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է նման ձևաչափով բոլոր մակարդակներում հանդիպումների անցկացումը և գործընկերների հետ կիսվել Հայաստանում Covid-19 համավարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ:
«Նախ պետք է ասեմ, որ երկրում իրավիճակն այս առումով վերահսկողության տակ է։ Մարտի 16-ից մեզ մոտ գործում է արտակարգ դրության ռեժիմ, իսկ մարտի 24-ից՝ խիստ կարանտին։ Ինչպես և համավարակի ենթարկված գրեթե բոլոր պետությունները, մենք խիստ սահմանափակումներ ենք մտցրել օդային և ցամաքային հաղորդակցության ոլորտում։
Երեկվա դրությամբ մենք ունեցել ենք վարակի 937 դեպք, առողջացման 149 և մահվան 11 դեպք: Վարակվածների գերակշռող մեծամասնության մոտ հիվանդությունն անցնում է թեթև ձևով, նույնիսկ՝ ասիմպտոմատիկ։ Բայց մենք կանգ չենք առնում։ Մենք մտադիր ենք ավելի ինտենսիվացնել համավարակի դեմ պայքարի միջոցառումները, բարձրացնել դրանց արդյունավետությունը, մասնավորապես, թեստավորման քանակի ավելացման միջոցով:
Համավարակի դեմ պայքարում մենք համագործակցում ենք մեր հիմնական միջազգային գործընկերների հետ։ Եվ օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուս գործընկերներին` օպերատիվ օգնության և արդյունավետ փոխգործակցության համար։
Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել և հնարավորինս օգնել ԵԱՏՄ իր գործընկերներին: Վստահ եմ, որ ԵԱՏՄ-ում մենք պարտավոր ենք համաձայնեցնել մեր ջանքերը համավարակի դեմ պայքարում։
Երկրորդ՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը վերջերս 10 ծրագրերից բաղկացած միջոցառումների փաթեթ է ընդունել՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներն ինչպես բնակչության, այնպես էլ երկրի բիզնեսի համար մեղմելու նպատակով: Մասնավորապես, մենք ավելի քան 50 մլն դոլար ենք հատկացրել բնակչության առավել խոցելի խավերի կարիքների համար, նույնքան էլ՝ մասնավոր հատվածին աջակցության համար։
ՀՀ կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկում տնտեսության խթանման և ճգնաժամային ծանր երևույթների հաղթահարման ուղղությամբ, որոնց առաջացումն արդեն ոչ ոք կասկածի տակ չի դնում:
Այո, դժբախտաբար, մենք գտնվում ենք անմիջապես ռեցեսիայի շեմին։ Ըստ ամենայնի, այն այլևս անխուսափելի է։ Ավելին, ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի այդ ճգնաժամի սցենարը։ Որքա՞ն կտևի պանդեմիան: Արդյո՞ք այն ապագայում կունենա ռեցիդիվ: Որքա՞ն խորը կլինի ճգնաժամը, և ինչպիսի՞ն կլինի համաշխարհային տնտեսության վարքն այդ պայմաններում։
Մենք կարծում ենք, որ ստեղծված աննախադեպ պայմաններում նախևառաջ անհրաժեշտ է ապահովել ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում։ Անթույլատրելի է ԵԱՏՄ ներսում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի սահմանափակումը նույնիսկ համավարակի պայմաններում։
Երրորդ՝ չափազանց կարևոր է ապահովել պայմաններ բեռնափոխադրումների անխափան իրականացման համար։ ԵԱՏՄ-ի հետ անխափան բեռնատար տրանսպորտային կապն այսօր առաջնային նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար: Ռուս-վրացական սահմանն այս առումով մեզ համար կենսական, ռազմավարական նշանակություն ունի։ Այդ կապակցությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության համար: Շնորհակալություն, Միխայիլ Վլադիմիրի:
Վերջապես, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է արագացնել միջոցների ձեռնարկումը, որպեսզի ԵԱՏՄ-ի ներսում առևտրի շրջանակներում էականորեն ավելացնենք ազգային արժույթներով վճարումների մասնաբաժինը։
Ավելի քան վստահ եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր Միությունը նույնիսկ համավարակի և աճող ռեցեսիայի լուրջ մարտահրավերների պայմաններում։ Մենք պետք է ապացուցենք մեր կազմակերպության կենսունակությունը, նրա ինքնուրույնությունը ճգնաժամի շրջանում և պատրաստ լինենք օգտվել բոլոր այն տնտեսական հնարավորություններից, որոնք ակնհայտորեն ի հայտ կգան հետճգնաժամային շրջանում:
Այս առումով, ցանկանում են արձանագրել, որ մենք պաշտպանում ենք քարտուղության կողմից ներկայացված Եվրասիական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը: Այն համապատասխանում է մեր երկրների՝ COVID-19 համավարակի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության մեր տեսլականին:
Եվ որպեսզի ելույթս ավարտեմ լավատեսական նոտայով, կցանկանայի ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի պատրաստակամությունն այս աշնանն ընդունելու միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Հույս ունենք, որ այդ ժամանակ համաճարակը հաղթահարված կլինի»:
Այնուհետև միջկառավարական խորհրդի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացումներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ քայլերը: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում քննարկումները շարունակել նույն ձևաչափով, իսկ մինչ այդ քննարկվելիք օրակարգային հարցերի շուրջ աշխատանքները կշարունակեն փոխվարչապետներն ու նախարարները: