Տնտեսվարողները, որոնք արտակարգ իրավիճակից ելնելով թանկացումներ են արել, կենթարկվեն պատասխանատվության, հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ Հայական տեղեկատվական միասնական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
«Պատասխանատվության չափերը բավական մեծ են և բավական խիստ։ Գերիշխող դիրքի կամ շուկայական իշխանության չարաշահման կամ մոնոպոլ դիրքի և հակամրցակցային համաձայնությունների դեպքում տնտեսվարող սուբյեկտները մինչև նախորդ տարվա ամբողջ հասույթի 10 տոկոսի չափով կարող են տուգանվել։ Հակամրցակցային համաձայնության գալու դեպքում տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձինք ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել, անբարեխիղճ մրցակցության պարագայում կարող են տուգանվել նախորդ տարվա ամբողջ հասույթի 5 տոկոսի չափով։ Եթե տնտեսվարողները չարաշահեն իրենց գերիշխող դիրքը և այս ընթացքում բարձր գին սահմանեն ու ավել շահույթ ստանան, այդ շահույթը ենթակա է վերադարձման պետական բյուջե»,- նշեց Գևորգյանը՝ ընդգծելով, որ արտակարգ դրության պայմաններում նման խախտումները կդիտվեն որպես ծանրացնող հանգամանք։