Կորոնավիրուսի պատճառով այս տարի համաշխարհային երեք կրոնների հետևորդները չեն նշի իրենց կարևոր տոնը, ինչպես սովորաբար նշում էին: Քրիստոնյաները՝ Զատիկը, հրեաները՝ Փեսախը, մուսուլմանները՝ Ռամադանի սուրբ ամսվա սկիզբը:
Այս տարի Փեսախի առաջին օրը նշվեց ապրիլի 8-ին է: Կաթոլիկները, բողոքականները, անգլիկան եկեղեցու հետևորդները, հայերը և քրիստոնեության մի քանի այլ ճյուղեր էլ ապրիլի 12-ին կնշեն Սուրբ Զատիկը: Մեկ շաբաթ անց էլ՝ ապրիլի 19-ին, ուղղափառ քրիստոնյաները, ինչպես նաև ղպտիները կնշեն Քրիստոսի Հարությունը:
Հազարավոր տարիներ այս օրերին հավատացյալները հավաքվում էին երկրպագության համար, այցելում էին հարազատներին և ընկերներին, շնորհավորում միմյանց ու հյուրասիրում: Բայց այս տարի ամեն ինչ սովորականի նման չէ, մարդիկ ստիպված են մնալ տանը, հավատքի կենտրոնները դատարկ կլինեն:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այս տարի Զատիկի երթը կանցկացնի Վատիկանում: Կորոնավիրուսի պատճառով այն առաջին անգամ կլինի ոչ թե Հռոմի Կոլոզեումի մոտակայքում, այլ Վատիկանում գտնվող Սուրբ Պետրոսի բազիլիկի մոտ:
Մայր տաճարի առջևի հրապարակը, որտեղ տարեկան տասնյակ հազարավոր հավատացյալներ են հավաքվում, այս անգամ դատարկ կլինի. հովվապետը հեռակա կարգով կդիմի հավատացյալներին: