Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը՝ Նեյթըն Փորթերի ղեկավարությամբ, 2020 թվականի մարտի 12-ից ապրիլի 8-ի ընթացքում քննարկումներ է անցկացրել ԱՄՀ-ի «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող Հայաստանի բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգման շուրջ: Առաքելության ավարտին Փորթերն արել է հետևյալ հայտարարությունը.
«Ուրախությամբ հայտարարում ենք, որ ԱՄՀ աշխատակազմը ՀՀ իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել եռամյա «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող տնտեսական բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգումը եզրափակելու շուրջ: Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ-ի գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից հերթական ստուգման քննարկումը նախատեսվում է մայիսի կեսին:
Աշխատակազմը առաջարկելու է նաև ԱՄՀ-ի կողմից Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակության 128.80 միլիոն ՓՀԻ-ով (շուրջ 175 2 միլիոն ԱՄՆ դոլար) ավելացում, ինչը «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում կուտակված փոխառության իրավունքներից օգտվելու իշխանությունների մտադրության հետ, խորհրդի նիստից անմիջապես հետո օգտագործման համար հասանելի կդարձնի 206 միլիոն ՓՀԻ (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար):
Այս ավելացումը հիմնավորված է վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հրատապ կարիքների համատեքստում, որոնք առաջացել են կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետևանքով: Նշված ֆինանսավորումը կհատկացվի բյուջեին՝ վարակի բռնկման գագաթնակետին հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալուն ուղղված իշխանությունների ջանքերին օգնելու համար՝ այդպիսով պահպանելով Հայաստանի՝ տնտեսական ներուժի և ներառականության վերջին տարիների ձեռքբերումները:
Ինչպես այլ երկրներում, համաշխարհային ներկա ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսության հեռանկարը առաջիկայում զգալիորեն թուլանալու է: Թեև կանխատեսումների անորոշությունը շատ բարձր է, քանի որ դժվար է կանխատեսել սահմանափակող միջոցառումների տևողությունը, 2020 թվականին սպասվում է -1.5 տոկոս տնտեսական աճ՝ հաշվի առնելով տեղաշարժման և գործունեության ներքին սահմանափակումները, արտաքին պահանջարկի զգալի նվազումը, ֆինանսական պայմանների խստացումը և համաշխարհային առևտրի և մատակարարման շղթաների խաթարումները:
Իշխանությունները պատշաճ կերպով ուշադրությունը կենտրոնացրել են կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը զսպելու միջոցառումների և բնակչության կարիքների բավարարմանը Հայաստանի առողջապահական համակարգի պատրաստվածությունն ապահովելու վրա: Նրանք աշխատում են Առողջապահության նախարարությանը լրացուցիչ ռեսուրսներով և օրենսդրական իրավասություններով օժտելու ուղղությամբ՝ անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումներն արագացված կարգով ձեռք բերելու համար:
Աշխատակազմը ողջունում է նաև տնտեսական քաղաքականության միջոցով իշխանությունների արձագանքը, որի նպատակն է օգնել տնտեսվարողներին և խոցելի մարդկանց խուսափել ավելի տևական սոցիալ-տնտեսական վնասից: Նշված արձագանքը ձևակերպված է ՀՆԱ-ի մոտավորապես 2 տոկոսը կազմող հայտարարված մի խումբ միջոցառումների շուրջ, որոնք ներառում են տնտեսվարողներին իրացվելիության տրամադրումը, աշխատուժի ուղղակի սուբսիդիաները և խոցելի ֆիզիկական անձանց միանվագ տրանսֆերտները: Իշխանությունները հանձն են առել ապահովել, որ նշված ծրագրերն իրականացվեն ամուր կառավարմամբ և թափանցիկությամբ:
Աշխատակազմն իշխանություններին խրախուսում է այդ ծրագրերի իրականացումը շարունակական մոնիթորինգի ենթարկել՝ դրանց արդյունավետությունն ու արդար ծածկույթն ապահովելու համար: «2020 թվականին սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կավելանա մինչև ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսը՝ եկամուտների նվազման և առողջապահության և տնտեսության աջակցության ուղղությամբ ծախսերի մեծացման հետևանքով: Առաջացող ֆինանսական ճեղքը կփակվի ԱՄՀ-ից և այլ գործընկերներից ֆինանսական միջոցներ ներգրավելով՝ կապիտալի ներքին շուկայի հասանելի միջոցները լրացնելու համար: Թեև ակնկալվում է, որ 2020 թվականին կառավարության պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, ճգնաժամի մեղմմանը զուգընթաց՝ իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին, որոնցով նախատեսվում է միջնաժամկետ հեռանկարում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության աստիճանական նվազում՝ Հայաստանի հարկաբյուջետային կանոնին համահունչ, միաժամանակ հնարավորություններ պահպանելով ներդրումների և սոցիալական ծախսերի համար:
ՀՀ կենտրոնական բանկն իր երկակի՝ գների և ֆինանսական կայունության ապահովման իրավասությունների շրջանակում, ձեռնարկեց կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամին արձագանքելու արագ քայլեր: Այն անհապաղ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը խթանելու և տնտեսական աշխուժությանն աջակցելու, սակայն պատրաստ է քաղաքականության ճշգրտմանը՝ կապիտալ արտահոսքի ճնշումների և փոխարժեքի անկանոն տեղաշարժերի դեպքում ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Ներքին ֆինանսական շուկաներն համավարակի սկզբից էլ ընդհանուր առմամբ անխափան են գործել, ինչին օգնել է ՀՀ ԿԲ կողմից իրացվելիության տրամադրումը: ՀՀ ԿԲ կարգավորման և վերահսկողական արձագանքը եղել է ֆինանսական կայունության, առողջ բանկային համակարգի և տնտեսական ակտիվության պահպանումը:
Աշխատակազմը ողջունում է կարճաժամկետ հատվածից հետո շարունակական տնտեսական բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների մտադրությունը՝ ուղղված ներառական և դիմակայուն աճի բարձրացմանը, սոցիալական ծախսերի երաշխավորմանը, ֆինանսական համակարգի տոկունության ամրապնդմանը և բիզնես մթնոլորտի և կառավարման կատարելագործմանը»:
Առաքելության նախնական եզրահանգումներից ելնելով՝ աշխատակազմը կկազմի զեկույց, որը ղեկավարության կողմից հաստատվելու դեպքում կներկայացվի ԱՄՀ գործադիր խորհրդին՝ քննարկման և որոշման կայացման համար»։