Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ «Յուքոմ»-ում երեկ տեղի ունեցած իրադարձությունը որևէ կապ չուներ հանձնաժողովի որոշման հետ։
«Հանձնաժողովը դեռևս ուսումնասիրությունը չի ավարտել՝ համակենտրոնացում թույլ տալու կամ թույլ չտալու որևէ որոշում չկա։ Հանձնաժողովը չունի այս պահին որևէ դիրքորոշում։ Ուսումնասիրությունները և քննարկումները շարունակվում են»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ վարույթը սկսելուն պես գործընթացը կշարունակեն և արդյունքների մասին կիրազեկեն հանրությանը»:
Հիշեցնենք՝ «Յուքոմ», «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման հայտը ՏՄՊՊՀ ներկայացվել էր դեռ անցյալ տարվա վերջին։ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ հանձնաժողովն ուսումնասիրել է 600-ից ավելի փաստաթուղթ։ Կողմերի հետ նաև հանդիպումներ են անցկացվել:
2020 թվականի մարտին հանձնաժողովը, հաշվի առնելով հանրային առողջության պահպանման անհրաժեշտությունը և արտակարգ ռեժիմը, բոլոր նիստերը, այդ թվում՝ «Յուքոմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման գործընթացի, կասեցրել էր։ Ասաց, որ այդ ընթացքում կասեցվել էր 8 վարույթ, որոնց իրականացման ժամկետը մեկ ամսից քիչ էր։