2019 թվականին աշխատանքի է տեղավորվել 13,700 մարդ, որոնցից կայուն զբաղվածություն ունեն 3731-ը, 2735-ն ապահովվել են ժամանակավոր աշխատանքով, 5800-ից ավելի դեպքում աշխատանքի տեղավորումն իրականացվել է զբաղվածության կենտրոնների խորհրդատվության աջակցման միջոցով։ Այդ մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախարարը զեկուցում էր Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները։
Բաթոյանը ներկայացրեց, որ կենսաթոշակային ոլորտում 2019 թվականից սահմանվել է նվազագույն կենսաթոշակի չափ, որը նվազագույն զամբյուղի չափն է։ «Ավելի քան 80,000 մարդու կենսաթոշակ ու նպաստ բարձրացավ՝ նվազագույն չափը սահմանվելով 25500 դրամ։ Այդ չափն իհարկե 2020 թվականին ավելացել է։ Հայրենական պատերազմի վետերանների պատվովճարի չափը կրկնապատկեցինք՝ դարձնելով 100 հազար դրամ»,- ասաց նախարարը։
Զարուհի Բաթյանը նաև տեղեկացրեց, որ նպաստի համակարգում գրանցված է եղել 105,000 ընտանիք, որոնցից 86,700-ը ստացել է նպաստ։ Նպաստի միջին չափը կազմել է 31350 դրամ։ 4790 ավանդատուի սոցիալական աջակցություն է տրամադրվել։
Նպաստին զուգահեռ աղքատության փուլային հաղթահարման, օրինակ, գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելու համար հնարավորություն է ընձեռվել 1001 ընտանիքի։
Նախարարը տեղեկացրեց նաև, որ 2019 թվականին մեկնարկել է մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովմանն ուղղված գնման վկայականների տրման գործընթացը։ Այն կտևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը։ Խոսքն այն 300 քաղաքացիների մասին է, որոնց հանդեպ պետությունը ուներ պարտավորություն դեռևս 2003 թվականից։
Բաթոյանը նշեց, որ 2019 թվականին նվազագույն աշխատավարձ սահմանվեց 68,000 դրամը։ «2019 թվականը զբաղվածության ոլորտում կարևոր էր նաև աշխատանքային իրավունքների վերահսկողական մեխանիզմների ներդրմամբ։ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարվեց, ըստ որի, 2021 թվականի հուլիսի 1-ից Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը կիրականացնի նաև այդ գործառույթը, որովհետև ներկա պահին որևէ մարմին այդ գործառույթը չի իրականացնում»,- ասաց նախարարը։