Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի, արվեստի գործիչների հետ։
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի հետ: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ներկա իրավիճակում կոմպոզիտորի գործունեությամբ, մինչև կորոնավիրուսի համավարակը նախատեսված ծրագրերով և դրանց հետագա ճակատագրով, ինչպես նաև ապագային միտված նախագծերով:
Նախագահն ու արվեստագետն անդրադարձել են «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ կապված հարցերին, հեղինակավոր արվեստագետների ու երաժիշտների հետ համագործակցության հնարավորություններին:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո հնարավոր կլինի բոլոր նախանշված ծրագրերն ու անելիքները կյանքի կոչել, իսկ այս դադարն օգտագործել նոր գործերի ստեղծման ու նոր ծրագրերի ուրվագծման նպատակով:
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարաշարի համահեղինակ, նկարիչ Հովհաննես Մինասյանի որդու՝ ֆիզիկոս Մարտին Մինասյանի հետ:
Հովհաննես Մինասյանը ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի հետ միասին հեղինակել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարաշարը: Անցած տարվա վերջին նախագահ Սարգսյանի աջակցությամբ իրականացվել էր որմնանկարի ամբողջական վերականգնումը, որի որոշ հատվածներ տարիների ընթացքում վնասվել էին: Ներկայումս որմնանկարն արդեն վերագտել է իր նախնական տեսքը:
Զրուցակիցները կարևորել են մշակութային արժեքների պահպանումն ու հոգածությունը մեր ազգային ժառանգության նկատմամբ։ Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մարտին Մինասյանի գործունեությամբ ու ծրագրերով: