Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի իրավիճակ է շուկայում, ինչու են քաղաքացիներն անհանգստացած որոշ մարզերում ապրանքների գնի բարձրացմամբ։
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ մարմինն ամենօրյա մոնիթորինգ է իրականացնում Երևանում և մարզերում։
«Այսօր արդեն դիտվում է գների նվազման որոշակի միտում՝ համեմատած մարտ ամսվա հետ։ Համեմատության համար նաև ասեմ, որ գների աճման միտումը տեղավորվում է 1-ից մինչև 4 տոկոսի սանդղակում, այսինքն՝ գների կտրուկ բարձրացում տեղի չի ունեցել։ Սակայն պետք է նաև տեղեկացնեմ, որ մենք համեմատություն ենք արել 2018-ի նույն ժամանակահատված հետ՝ նույն առևտրային ցանցերում։ Օրինակ՝ շաքարավազը այս տարվա փետրվարին եղել է 230 դրամ, ապրիլի 8-ի դրությամբ՝ 255 դրամ, սակայն 2018-ի նույն ժամանակահատվածում 1 կգ-ն արժեցել է 338 դրամ։ Կարագը եղել է 3730 դրամ, ապրիլի 8-ի դրությամբ՝ 3790, 2018-ի նույն ժամանակահատվածում եղել է 4430 դրամ։ Այս տրամաբանությամբ նայելիս բավականին գնանկում կա»,- նշեց Գեղամ Գևորգյանը։
ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրեց բենզինի և դիզվառելիքի գները, որոնք երեկվա տվյալներով եղել են՝ 310 դրամ (regular), 330 դրամ (premium) և 370 դրամ (դիզել)։ 2018-ի նույն ժամանակահատվածում դրանց գները եղել են 450, 470 և 460 համապատասխանաբար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ Հայաստանը կորոնավիրուսի պատճառով ստեղծված այս ճգնաժամային իրավիճակում այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ ապրանքային շուկաներում խանութների դատարկ ցուցափեղկերի երևույթ չի նկատվել։