Կառավարությունն այսօր ընդունեց կորոնավիրուսի չեզոքացման 10-րդ միջոցառումը։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ թիրախավորվել են այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ։
«Թիրախավորվել է երեք խումբ։ Առաջինը՝ այն անձինք, որոնք 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ։ Երկրորդը՝ այն անձինք, որոնք 2019-ին չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր կամ հարկային օրենսդրության առումով հանդիսացել են ինքնազբաղված մարդիկ, և այն անձինք, որոնք չեն հանդիսացել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, 2020-ի հունվարի 1-ից հետո ներկայացրել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու վերաբերյալ հայտ»,- նշեց ՊԵԿ նախագահն ու հավելեց, որ նախագծով այս շահառուներին, որոնք մոտ 6000-ն են, ստանում են միանվագ աջակցություն 2020-ի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց իրացումից հասույթների 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։
Նաև նվազագույն աշխատավարձի չափով միանվագ աջակցություն են ստանում այն մարդիկ, որոնք 2000 թ. հունվարի 1-ից հետո միկրոձեռնարկատիրության սուբյեկտ են և անհատ ձեռնարկատեր չեն։
«Մենք առաջնահերթ խրախուսում ենք միկրոձեռնարկատիրության տվյալ շահառուների այն անձանց, որոնք իրենց կողմից մատակարարված ապրանքները, մատուցված ծառայությունները և կատարված աշխատանքները պատշաճ կերպով փաստաթղթավորել են։ Նաև շահառու են հանդիսանում այն անձինք, ում համար հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր չէ, կամ չեն ունեցել, քանի որ հայտը բավարարված չի եղել»,- նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Վարչապետն էլ հավելեց, որ միկրոբիզնեսի ներկայացուցիչները, որոնք պարտաճանաչ արձանագրել են իրենց կատարած առևտուրը ՀԴՄ-ների միջոցով, ավելի շատ աջակցություն կստանան, իսկ նրանք, որոնք ընդհանրապես ՀԴՄ չեն թողարկել, աջակցություն չեն ստանա։