Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացվում են կտորե դիմակների օգտագործման կանոնները։ Տեսանյութում ներկայացվում է, որ կտորե պաշտպանիչ դիմակը հավելյալ պաշտպանիչ միջոց է։
-
Այն պետք է հարմարավետ լինի և սերտ դիպչի դեմքին, պատրաստված լինի կտորե մի քանի շերտից։
-
Պետք է թույլ տա անարգել շնչել։ Տնային պայմաններում պատրաստված կտորե դիմակները պետք է կրել հանրային վայրերում, որտեղ դժվար է պահպանել մոտ 2 մետր հեռավորություն։ Օրինակ՝ մթերային խանութներում, դեղատներում ու հատկապես այն վայրերում, որտեղ կա վարակի տարածման բարձր ռիսկ։
-
Նշվում է նաև, որ եթե մարդը վարակակիր է, բայց չգիտի այդ մասին, ապա կտորե պարզ դիմակներ կրելով կարող է նվազեցնել վարակի փոխանցման ռիսկը։ Տեղեկացնում են, որ դիմակը պետք է հանել զգուշությամբ՝ այդ ընթացքում չդիպչելով աչքերին, քթին և բերանին։ Դրանից հետո անմիջապես պետք է լվանալ ձեռքերը։
-
Դիմակը ևս պետք է կանոնավոր կերպով լվանալ՝ նախընտրելի է լվացքի մեքենայով։ Կտորե դիմակները չպետք է կրեն 2 տարեկանից փոքր երեխաները, շնչառական խնդիրներ ունեցող անձինք և նրանք, որոնք ինքնուրույն չեն կարող հեռացնել դիմակը՝ օրինակ անգիտակից վիճակում, անշարժունակ լինելու դեպքում։
Ծանուցում՝ տնային պայմաններում պատրաստված դիմակները չեն փոխարինում բժշկական դիմակներին և N95 ռեսպիրատորներին։ Ըստ ՀՀ ԱՆ ուղեցույցի՝ բուժաշխատողները, պացիենտին խնամող և հիվանդության ախտանշաններ ունեցող անձինք պետք է կիրառեն բժշկական դիմակ։