Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց և ընդունվեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու» և Կառավարության 2019 թ. դեկտեմբերի 26-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այդ որոշման ընդունումը պայմանավորված է 2019-ին կնքված և մինչև 2020 թվականը կատարման ժամկետ ունեցող շինարարական աշխատանքներով: Նախագծով նախատեսված է տրամադրել 4,1 միլիարդ դրամ, որից 3,7 միլիարդ դրամն անհրաժեշտ է 2019 թ. իրականացված և անավարտ շինարարական օբյեկտների շինարարությանը, տեխնիկական, հեղինակային հսկողությանը, 73,9 միլիոն դրամը՝ նախագծահետազոտական աշխատանքներին, 353․4 միլիոնը՝ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանը։
«2019 թ. իրականացված շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ գումարները պայմանավորված են մի քանի հանգամանքով։ Որոշ ճանապարհների ավարտված շինարարական օբյեկտների շահագործման ակտը հաստատվել է 2019 թ. դեկտեմբերին կամ հունվարի սկզբին։ Դրա պատճառով կնքված պայմանագրի համաձայն՝ պայմանագրի գումարի 5 տոկոսը պետք է վճարվի դրանից հետո։ Հիմա անհրաժեշտ է այս նախագծի ընդունումը, որպեսզի կարողանանք վճարել այդ գումարը կապալառուներին»,- ասաց նախարարը։
Պապիկյանը նաև նշեց, որ դեռ 2019 թ. իրականացված աշխատանքների մի մասը պատվիրատուն չի ընդունել տարբեր թերությունների պատճառով։ Ասաց՝ հիմա հնարավորություն են տալիս այդ թերությունները շտկելու, իսկ դրա համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ՝ հետագայում վճարելու համար։