Լոս Անջելեսի հայկական կազմակերպությունները՝ Միացյալ մարմինը, Միացյալ հայ երիտասարդները և Հայոց ցեղասպանության հանձնախումբը որոշել են չեղարկել ապրիլի 24-ի ոգեկոչման բոլոր միջոցառումները: Հայ համայնքի երեք կազմակերպությունների հայտարարությունում նշված է, որ այդ օրը նախատեսված՝ ուխտագնացությունը դեպի Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, քայլարշավն ու բողոքի ցույցը Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսության դեմ չեղարկում են՝ հետևելով տեղական իշխանությունների առողջապահական կանոնակարգին, որոնք ստեղծվել են կորոնավիրուսի տարածումը մեղմացնելու և կյանքեր փրկելու համար:
«Թեպետ մենք չենք կարողանալու միասնական բողոքի ձայն բարձրացնել ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր միասնական աշխատանքները պետք է տարվեն տարին 365 օր: Մենք կշարունակենք լինել միասնական և մեր ձայնը լսելի կդարձնենք մեր 1,5 միլիոն զոհերի համար: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք ապրիլ 24-ի ոգեկոչման այլ ծրագրերի մասին, որոնք կփոխարինեն ավանդական հավաքներին»- նշված է հայտարարությունում։