Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ աջակցություն կարող են ստանալ այն անհատ ձեռներեցները, որոնք իրենց բիզնեսը գրանցել են այս տարվա հունվարին և համավարակի պատճառով եկամուտ չունեն։
Նախարարը տեղեկացրեց, որ աջակցության ծրագրում ներառել են երկու խմբի: Առաջինը նրանք են, որոնք գործել են 2019 թ. ընթացքում: Նրանք գործընկեր բանկերի կողմից դիտվում են վարկունակ և ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար արժանանում են Կառավարության ֆինանսական աջակցությանը։
Երկրորդը նրանք են, որոնք 2019 թվականի գործունեության արդյունքներով նույնպես ապացուցել են, որ ունեն լավ վարկային և հարկային պատմություն։ Նախարարն ընդգծեց՝ ցավոք, նշված դեպքում այն կազմակերպությունները, որոնք գործում են այս տարեսկզբից, դեռևս այդպիսի վարկային ֆինանսական առաջնահերթության խմբերում չեն, բայց կարող են համապատասխանել աջակցության 5-րդ ծրագրին։
«Հինգերորդ միջոցառումն այն կազմակերպությունների համար է, որոնք 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում գործել են և մարտի արդյունքներով չեն նվազեցրել իրենց աշխատակիցների թիվը և աշխատավարձի ֆոնդը՝ նախորդ երկու ամիսների համեմատ։ Այդ դեպքում երրորդ ամսվա արդյունքներով՝ ամեն 5 աշխատակցի հաշվով, մեկ աշխատակցի միջին աշխատավարձը կազմակերպությունը նրանց հատկացնում է որպես դրամաշնորհ՝ մեկանգամյա օգնություն»,- ասաց Խաչատրյանը։