Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, նախարարներ Բաթոյանին ու Խաչատրյանին հարց ուղղվեց՝ կապված պարգևավճարների հետ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «ե՞րբ կստանան հաջորդը» հարցին չի պատասխանի, քանի որ դա կախված է իրավիճակի կարգավորումից:
«Դա կլինի այն ժամանակ, երբ Կառավարությունը որոշում կայացնի շարունակել աշխատակիցների համար պարգևավճարների վճարման գործընթացը: Վերջին անգամ փետրվարին ու մարտին նախարարության սպասարկող անձնակազմն է պարգևավճար ստացել: Նրանք հանգստյան օրերին աշխատել են շենքի մաքրության և սանիտարական վիճակը կարգի բերելու համար»,- ասաց նախարարը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ դժվարացավ հստակ մտաբերել, բայց ասաց՝ եթե չի սխալվում՝ պարգևավճարը փետրվարին է ստացել։
«Երբ կստանամ հաջորդը՝ չեմ կարող ասել։ Պարգևավճարների տրամադրումը մեզ՝ մենք չենք որոշում։ Երբ կլինի համապատասխան որոշում, այդ ժամանակ այդ մասին կիրազեկեն»,- ասաց Բաթոյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ իրոք չի կարող կարող հստակ ասել՝ երբ է ստացել, կարող է սխալվել։ Խոստացավ լրագրողներին՝ հարցին պատասխանել գրավոր: